ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Առաջնորդության դպրոցի» 2016-2017 թթ. դասընթացի մասնակիցների հետ: Նա նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում երիտասարդներին ներկայացնել ՀՀ զինված ուժերի առանձնահատկություններն ու ձեռքբերումները:
Խոսելով ՀՀ զինված ուժերի ձևավորման մասին, Սեյրան Օհանյանը շեշտել է, որ արդեն 25 տարի է` հայ ժողովուրդը հայկական զինված ուժերի և վարվող պաշտպանական քաղաքականության շնորհիվ շարունակում է իր խաղաղ արարումը և ապահովում է այս տարիների ամենակարևոր ձեռքբերումը` Հայաստանի Հանրապետության անկախությունը: Հանդիպման ընթացքում դպրոցի ունկնդիրներին են ներկայացվել նաև ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները, անցած տարիներին զինված ուժերում իրականացված բարեփոխումները: Նախարարն անդրադարձել է ապրիլյան մարտական գործողություններին, ներկայացրել սպաների, ենթասպաների, ժամկետային զինծառայողների հերոսությունների դրվագներ, խոսել է կատարված վերլուծությունների և հետևությունների մասին: Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է նաև «Առաջնորդության դպրոցի» մասնակիցների հարցերին: